Рубрика: Հայրենագիտություն, Հայրենագիտություն․ Առաջադրանքների փաթեթ

Ի՞նչ է ամրոցը, բերդը

«Մենք շատ ենք լսել տարածված մի կարծիք, ըստ որի՝ հայերը բերդեր ու ամրոցներ չեն կառուցել, այլ միայն եկեղեցի ու վանք։ Հավանաբար, սրա արդյունքում է, որ այսօր, «Հայաստանում ի՞նչ բերդ կամ ամրոց գիտեք» հարցին հիմնականում հնչում է ստանդարտ պատասխան՝ «Ամբերդ»: Մինչդեռ հայկական բերդերը շատ են, հետաքրքիր, իրար չկրկնող ճարտարապետությամբ եւ պատմությամբ։

Հայաստանը մշտապես շրջապատված է եղել այնպիսի երկրներով ու ժողովուրդներով, որոնք ցանկացել են տիրանալ մեր հայրենիքին։ Այդ երկրների հարձակումներին դիմագրավելու համար կառուցել են անառիկ բերդեր և ամրոցներ։ Հայոց բերդերից հայտնի են Հալիձորը, Լոռվա բերդը, Ամբերդը, Սմբատաբերդը, Բջնիի բերդը և այլն։ Այդ բերդերի մի մասը պահպանվել է մինչ այսօր։

Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և հարձակման, պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։ Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։
Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի շինություններ էին։
Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, անպայման մի կողմը անդունդին- կիրճին նայող։ Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն։ Երևանում պետական նշանակության հնագիտական հուշարձան է մ.թ.ա 782 թվականին Վանի թագվորության արքա ՝ Արգիշտի Ա-ի կողմից հիմնադրված Էրեբունի ամրոցը: Շատ ցավալի է, որ այսօր հուշարձանի ընթացիկ վիճակը անմխիթար է:

Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին։ Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն։ Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել։

Երևանում մարդկանց շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում նաև Ծիծեռնակաբերդ (հնավայր) ամրոցը: Սիրո արմատներ ունի այս ամրոցը: Ըստ ավանդույթի այստեղ ապրել է սիրո աստվածուհի ՝ Աստղիկը, որը ծիծեռնակների միջոցով լուրեր է ուղարկել իր սիրեցյալին ՝ Վահագնին: Ծիծեռնակաբերդը դեռևս լավ ուսումնասիրված չէ: 1967թ-ին Ծիծեռնակաբերդում բացվեց Մեծ եղեռնի հուշահամալիրը, որտեղ յուրաքանչյուր հայ գնում է հարգանքի տուրք մատուցելու:

  Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են հսկայական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով։ Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում՝ Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների։

Оставьте комментарий