
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում։ Հայերի մայրենի լեզուն հայերնն է։ Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է։ Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի։ Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են 405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։ Մաշտոցյան գրերից գյուտից հետո գրավոր հայերենն անցել է երեք փուլ ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։ Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու ՝ արևելահայերեն և արևմտահայերեն։
Ուշադի՛ր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները․
Ինչո՞ւ ապշած են, լըճա՚կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։
Պետրոս Դուրյան
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Եղիշե Չարենց
Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։
Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը ՝ արևելահայերենով։ Հայոց պատմությունը այնպես է ընթացել, որ մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի ՝ Արևմտյան և Արևելյան։ Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում արևմտահայերենը։
Հայերենի բարբառները
Գրական լեզվին զուգընթաց գոյություն են ունեցել և ունեն բարբառներ։ Հայերենի բարբառների թիվը բավականին շատ է ՝ մոտ 60, որոնք կոչվում են նույն վայրի անունով, որտեղ խոսվում են։ Օրինակ ՝ Շիրակի, Լոռու բարբառները։
Բարբառները գրական լեզվից տարբերվում են իրենց արտասանությամբ։ Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Օրինակ՝ իրար կողքի գտնվեղ գյուղերում շատ հնարավոր է, որ շատ տարբեր լինեն խոսվածքները և նույն առարկային մարդիկ տարբեր կերպ անվանեն։
Բնօրինակ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։
— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։
Բայց Համբոն չլսեց:
Մշո բարբառով
Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի:
Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր: Կընիգ չուզէր:
— Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ:
Բըլէ Համբօն լըլսէց:
Գյումրու Կարնո բարբառով
Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:
Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:
— Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:
Հըմը Համբօն չըլսէց:
Բլոգում պատասխանել հարցերին ՝
- Հարցեր և առաջադրանքներ
- Փորձեք բացատրել՝ ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և օտար լեզու ասելով:
- Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը:
- Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը:
- Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:
- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ. փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է եղել լեզվի իմացությունը:
Դիտել տեսանյութը ՝