Рубрика: 2025-2026 ուսումնական տարի

2025-2026թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Հայրենագիտությունը դասընթաց է, որն ուսումնասիրում են 4-5-րդ դասարանների սովորողները: 

Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 34 շաբաթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայրենագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Առարկայի ընդհանուր  բնութագիրը ՝

Հայրեմագիտությունը յուրահատուկ դասընթաց է դեպի մեր ՝ հայրենիք, պատմության էջերը։ Դասընթացի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ է ինձ շրջապատում, ինչպիսի՞նն է իմ անցյալը և ամենակարևորը՝ սկսել մտածել՝ ո՞ւր եմ գնում, ի՞նչ պետք է անեմ իմ հայրենիքի համար, իմ բնակավայրի, ինքս ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ ընկերների համար: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն»  առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, ճանաչել իրեն՝ իր մեջ բացահայտելով նոր կարողություններ, նոր հմտություններ, հասկանալ իր տեղը  ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ, ամրապնդել կարևոր հատկանիշներ՝ ազնվություն, ընկերասիրություն, ամուր կամք, հոգատարություն, վերլուծական և համեմատական միտք:

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․

Մեջբերում չափորոշչից

  • ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական, գիտահանրամատչելի և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը, մշակի և տեղադրի իր անհատական ուսումնական տարածքում(բլոգ, ենթակայք
  • մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը
  • օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.
  • ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին
  • ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
  • ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
  • արշավների և բազմօրյա ճամփորդությունների նախապատրաստվելիս և ընթացքում կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը
  • արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
  • գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար. ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեջբերում չափորոշչից

Հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական
մտածողության հմտությունների զարգացում.

Առարկայի խնդիրները.

  • ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին,  մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային և հենց տվյալ ժամանակամիջոցում արդի խնդիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի  հետ(կլինի էկոլոգիական, բնապահպանական, ճարտարապետական…)
  • պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին.
  • ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ, թաղ), մշակութային արժեքների նկատմամբ.
  • սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու   կարողություններ ու հմտություններ.
  • ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու,  համակարգելու  կարողություններ և խմբով աշխատելու հմտություններ.
  • ճանաչել նշանավոր հայ արվեստագետների, հայագետների, մշակութաբանների հին ու նոր ժամանակների
  • տարածքում կողմնորոշվելու կարողության ձևավորում

Դասընթացի կառուցման հիմքում դրված են հետևյալ հիմնական սկզբունքները.

  • հայրենաճանաչությունը
  • մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողությունների ձեռքբերումը(փաթեթների ստեղծում)
  • բնապահպանությունը
  • զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների նկատմամբ
  • ձևավորել հետաքրքրություն սովորողի մոտ իր ընտանիքի, ազգային, մշակույթային արժեքների հանդեպ
  • զարգացնել վերլուծական մտածողությունը քննարկումների միջոցով
  • գնահատել մշակութային արժեքները, հաջորդ սերուդների փոխանցելու կարևորությունը

Հայրենագիտության ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`

  • Սովորողին դարձնել հայրենաճանաչ /ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին,  մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային, արդի խնիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի , անմիջապես իր շրջապատի հետ/։
  • Կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
  • Սովորողների արշավային հմտությունների ձեռք բերում /բարձունք բարձրանալիս, քայլելիս, բազմօրյա ճամբարներին մասնակցելիս/
  • Սովորողի արշավի նախապատրաստական աշխատանքների հմտությունների ձեռքբերում /արշավային ուղղության քարտեզագրում տարբեր ծրագրերով, հայրենագիտական կանգառների նշում, ուսապարկ’ դասավորում, քնապարկ/
  • Ճանաչի հին հայկական դիցաբանական հերոսներին և աստվածներին /պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին/
  • Ընտանեկան հայրենագիտություն — ընտանեկան-հայրենագիտական արշավների կազմակերպումը /ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր, ծեսեր, միջոցառումներ/

Ուսումնական միջավայրը կազմում են ՝

  • Ուսումնական կաբինետ՝ անխափան  ինտերնետ կապով
  • Ուսումնական թանգարաններ
  • Մեկօրա-բազմօրյա արշավների կայանատեղիներ
  • Սովորողի դպրոցը, բակը, քաղաք, գյուղը
  • Արատեսի դպրական կենտրոնը
  • Կրթահամալիրի Խաղողի-գինու դպրոցը
  • Սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
  • Ուսումնական անհատական թվային գործքիներով՝ պլանշետ, նեթբուք, նոթբուք
  • Որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն
  • Դասավանդողի, սովորողի, դասարանի անհատական ուսումնական բլոգներ, ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ

«Հայրենագիտություն» առարկան  ներառում է «Դիցաբանություն», «Ժողովրդական մշակույթ» , «Էկոլոգիա-բնապահպանություն», «Առաջին բուժօգնություն»դասընթացները, կազմակերպվում է  ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ճամբարների և  ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելները»,«Սասնա  ծռեր» էպոսը:

Ծրագիրն ընգրկում է ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերը:

4-5-րդ դասարանի առարկայի բովանդակությունը՝

Հայրենագիտական նախագծեր

Աշխատանքային փաթեթ ՝

Հայրենագիտություն 4-րդ դասարան

Հայրենագիտություն 5-րդ դասարան

Ճամփորդություններ

  • Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը
  • Ով եմ ես`իմ տոհմածառը, իմ գերադաստանը, ազգանվանս-անվանս ծագումը
  • Առասպելներ
  • Մեր մարզերը
  • Մեր գետերը
  • Լճերը
  • Լեռները
  • Մեր բերդերը
  • Մեր վանքերը, այդ թվում` խոնարհված
  • Մեր հուշարձանները
  • Երևան քաղաքի արձանները
  • Երևան քաղաքի թանգարանները
  • Երևանյան պուրակներ և զբոսայգիներ
  • Երևան քաղաքի հին ու ներ փողոցներ
  • Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
  • Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
  • Հայաստանի հանքերը
  • Ժողովրդական մշակույթ`գորգագործություն, խոհանոց, խեցեգործություն, գինեգործություն, երկրագործություն
  • աշխատանքային գործիքներ, աշխատանքային երգեր…

Ազգային ծեսեր՝  Զատիկ, Տեառընդառաջ , Վարդավառ…
Ազգային տարազ
Կանաչ դեղատուն ՝ Հայաստանի դեղաբույսերն ու ուտելի բույսերը

Դիցաբանություն
Հին աստվածներ

Նոր դիցարան
Սասնա ծռեր էպոս

4-5-րդ դասարանի սովորողը պետք է իմանա

  • իր ծագումնաբանության մասին
  • հասարակության  մեջ ընտանիքի դերի մասին
  • իր երկրի աշխարհագրությունը սկսած իր բակից և իր հարևաններից
  • երկրի ու ժողովրդի մշակույթի մասին
  • հարևան-սահմանակից երկրների մասին՝ մշակույթ, էթնոս
  • երկրում ապրող ազգային փոքրամասնությունների մասին
  • ազգային ծեսերը, ծիսական երգերը
  • ուսումնասիրվող վայրի մասին զրույցը, պատմությունը
  • հայրենիքի տնտեսական և մշակութային կյանքում իր ընտանիքի, դպրոցի մասնակցության մասին

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • hայրենագիտորեն ճանաչի իր շրջապատը՝ գյուղը, քաղաքը, դպրոցը, բակը
  • դիտել, նկարագրել երևույթները
  • պատկերացում կազմել ֆիզիկական քարտեզի և հատակագծի մասին
  • կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
  • հարցազրույցներ վարել, ուսումնասիրվող վայրի պատմությունը, ավանդապատումը, զրույցը, բանահյուսական նյութերը հավաքել
  • ներկայացնել իր բնակավայրի, մարզի, երկրի աշխարհագրական դիրքը, պատմաաշխարհագրական վայրերը, մշակույթը, արհեստը
  • կարողանա ճամփորդությունների ընթացքում ինքնասպասարկվի
  • կազմել ընտանեկան տոհմածառ
  • ընկերասիրությունն դրսևորել ու թիմով աշխալետու հմտություն ունենա
  • հայրենիքը մանրամասն ճանաչելու կարողությունը, տեսական նյութից զատ նաև գործնական տարբերակով՝ ճամփորդություններ, այցեր թանգրաններ, ուսումնական կենտրոններ, բանահավաքչություն…

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը

Մեջբերում չափորոշչից

  •  1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում:
  • Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ որպես տարեկան ամփոփիչ գնահատական՝ կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
  • Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

Կիրառվող ծրագրեր

Google Maps

ViewRanger

Оставьте комментарий