Ինչպե՞ս ճանաչել հայկական խաչքարը, ի՞նչ են խորհրդանշում հայկական դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը, ինչո՞ւ են հայերը նուռ սիրում եւ ո՞վ կարող է կարդալ խազերը։
Ահա, Հայաստանին հատուկ պատկերների մի շարք.

1. Հավերժության նշան
Հայկական հավերժության նշանը հայ մշակույթի ամենաշատ հանդիպող տարրերից է։ Եկեղեցական հնագույն զարդանախշերից մինչեւ մեր օրերը պահպանված այս նշանը հաճախ կարելի է տեսնել ժամանակակից խորհրդանշանների եւ տարբեր ընկերությունների լոգոների վրա։ Այն համարվում է նաեւ արեւի նշան։ Խորհդրանշում է մեր անվերջ խիզաղ ու չհանձնվող ոգին։

2. Այբուբեն
Հայաստանի խորհրդանիշների շարքում ամենաառանձնահատուկն է, հայության ձեւավորման գործում մեծագույն դերակատարում ունեցածը։ Ըստ ավանդության՝ հայոց այբուբենի 36 տառը որպես Աստծո պարգեւ է շնորհվել Մեսրոպ Մաշտոցին։ Հայկական այբուբենը շարունակաբար եւ գրեթե անփոփոխ գործածվում է մ.թ. 5-րդ դարից ի վեր։
3․ Դրոշ
Հայաստանի դրոշը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել իր գոյության ընթացքում։ Կարծիք կա, որ Հայաստանի Հանրապետության դրոշի հեղինակը մխիթարյան հայր Ղեւոնդ Ալիշանն է, ով դրա նախնական տարբերակը ստեղծել է դեռեւս XIX դարում։ Ներկայիս դրոշն ուղղակիորեն կրկնում է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) եռագույնը՝ կարմիր-կապույտ-ծիրանագույնը:
Կարմիրը խորհրդանշում է հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի դարավոր գոյամարտը, քրիստոնյա հավատքը, Հայաստանի ազատությունն ու անկախությունը։ Կապույտը նշանավորում է հայ ժողովրդի՝ խաղաղ երկնքի տակ ապրելու ցանկությունը, իսկ ծիրանագույնը՝ Հայաստանի ժողովրդի ստեղծագործ տեսակը եւ աշխատասեր տեսակը։