Рубрика: Без рубрики

Արտաշեսյաններ

Երկար, շատ երկար տարիներ առաջ, երբ Հայաստանը մեծ ու հզոր երկիր էր, ապրում էր մի խիզախ մարդ՝ անունը Արտաշես։ Նա իմաստուն էր, քաջ ու հոգատար։ Արտաշեսը հաղթեց իր թշնամիներին, միավորեց Երվանդունի արքայատոհմից հետո բաժանված հայկական տարածքները ու դարձավ բոլոր հայերի թագավորը։ Նա էլ հենց դարձավ Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրը։

Արտաշես թագավորը կառուցեց մի նոր մայրաքաղաք, որը կոչվեց Արտաշատ։ Ասում են՝ նույնիսկ Հաննիբալը՝ հին աշխարհի հայտնի զորավարը, խորհուրդ տվեց հենց այդ վայրը ընտրել մայրաքաղաք կառուցելու համար։ Արտաշատը դարձավ Հայաստանի սիրտը։ Այնտեղ ապրում էին մարդիկ, առևտուր էին անում, տոնում էին տոները, սովորում էին ու զարգանում։ Այսօրվա Արարատի մարզկենտրոն Արտաշատն անվանվել է հենց հին մայրաքաղաքի անունով։ Նույնիսկ տեղանքով են համընկնում։ Մայրաքաղաք կառուցում էին այնտեղ․

  • որտեղ գետեր կային (օրինակ՝ Արաքսը, որ ժամանակին այդ տարածքով է հոսել)
  • բլուրներ կային, որոնք կարող էին ծառայել որպես պաշտպանություն թշնամուց,
  • հողը բերրի էր,
  • ճանապարհները հանգիստ էին ու հեշտ հասանելի։

Արտաշեսից հետո նրա զավակներն ու թոռները շարունակեցին թագավորել։ Բայց բոլորից մեծ ու հզոր դարձավ Տիգրան Մեծը՝ Արտաշեսյան արքայատոհմի ամենահայտնի թագավորը։ Նա ոչ միայն պահպանում էր Հայաստանը, այլ նաև մեծացրեց այն այնքան, որ մի ժամանակ մեր երկիրը դարձավ ամենամեծը ողջ շրջանին մեջ։ Նրա օրոք Հայաստանը ուներ ծովից ծով տարածք՝ Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով էին մեր երկրի սահմանները։

Տիգրան Մեծը կառուցեց իր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, ուր ապրում էին գիտուններ, վարպետներ ու վաճառականներ։ Այդ քաղաքում մարդիկ ապրում էին հպարտ ու լավ կյանքով, որովհետև ունեին ուժեղ թագավոր։


Բարեկամներ ու թշնամիներ

Երբ Արտաշեսյան թագավորները թագավորում էին, Հայաստանը շրջապատված էր տարբեր երկրներով։ Ոմանք բարեկամ էին, ոմանք էլ՝ թշնամի։

Բարեկամներ էին Հունաստանը, Եգիպտոսը և երբեմն նաև Պարթևաստանը։ Նրանք հաճախ ուղարկում էին դեսպաններ, պարգևներ, խաղաղության առաջարկներ։ Հայ թագավորները ամուսնանում էին այդ երկրների արքայադուստրերի հետ՝ բարեկամությունը ամրացնելու համար։

Թշնամիներ կային նույնպես։ Օրինակ՝ Հռոմը, երբեմն Պարթևաստանը, ովքեր ուզում էին Հայաստանի հողերը կամ ուզում էին թուլացնել հայոց թագավորին։ Բայց հայ թագավորները չէին վախենում։

Ի՞նչ էին անում հայոց թագավորները, որ երկիրը հզոր լինի։

  • Կառուցում էին նոր քաղաքներ՝ ինչպես Արտաշատն ու Տիգրանակերտը,
  • Ստեղծում էին ուժեղ բանակ, որ թշնամին չհամարձակվի մոտենալ,
  • Մշակում էին արդար օրենքներ, որ ժողովուրդը խաղաղ ապրի,
  • Միավորում էին բաժանված հայկական տարածքները՝ մեկ հայրենիք դարձնելով։

Հայ ժողովուրդը նրանց օրոք ապրում էր հպարտ, ուժեղ ու միավորված։ Արտաշեսյանների ժամանակ Հայաստանը պայծառացավ, հզորացավ, հարստացավ, դարձավ այդ տարածքի ամենահզոր պետություններից մեկը։