Рубрика: Без рубрики, Ինքնակրթություն

Սիրտը իր հիշողությունն ունի

Մեջբերում Ալբեր Կամյու «Անկում» գրքից․

  • Հոլանդիան մի երազ է, պարոն, ոսկու և ծխի երազ, առավել տխուր՝ ցերեկը, առավել ոսկեզօծ՝ գիշերը։
  •  Ես երբեք կարիքը չունեցա ապրել սովորելու։ Այս հարցում ես ամեն ինչ գիտեի արդեն ծնվելիս։ Կան մարդիկ, որոնց խնդիրը մարդկանց պատսպարելը կամ առնվազն նրանցով զբաղվելն է։ Ինձ համար կարգադրությունը եղել էր։ Մտերիմ էի, երբ անհրաժեշտ էր, լուռ՝ եթե պետք էր, ազատ և հեշտ ձևեր գործադրելու կարողությամբ, արժանապատվությամբ և լրջությամբ։ Իմ ժողովրդականությունը այնքան մեծ էր, որ իմ հաջողությունները այս աշխարհում այլևս չէի հաշվում։ Իմ արտաքինը վատ չէր ստեղծված, ես անդադրում պարող էի և միևնույն ժամանակ խորագիտակությամբ փայլող, ինձ հաջողվում էր միաժամանակ սիրել կանանց ու արդարությունը, որ այնքան էլ հեշտ չէ մեր ժամանակներում, զբաղվում էի սպորտով և արվեստով, կարճ ասած կանգ եմ առնում, որպեսզի դուք ինձ չկասկածեք ինքնագովության մեջ։ Բայց, խնդրում եմ, պատկերացրեք մի մարդ իր ծաղկուն տարիքի մեջ, կատարյալ առողջությամբ, առատաձեռնորեն օժտված կարողություններով, վարժ ինչպես մարմնական, այնպես էլ մտավոր գործունեության, ոչ աղքատ և ոչ էլ հարուստ, որ լավ է քնում և խորապես գոհ է իրենից, և որը այս ամենը ցույց է տալիս միայն երջանիկ և ընկերական պարզությամբ։ Այս բոլորից հետո մի՞թե իրավունք չունեի համեստաբար խոսելու իմ հաջողված կյանքի մասին։
    Այո, քիչ էակներ են ավելի բնական եղել, քան ես։ Իմ հարաբերությունը կյանքի հետ ամբողջական էր, ես ընդունում էի այն, ինչպես նա կար, չմերժելով նրա թերի կողմերը, նրա ծաղրը, տեսնելով նրա մեծությունը, օգտվելով նրա ծառայություններից։ Հատկապես չէի մերժում միսը, նյութը, կարճ ասած՝ ֆիզիկականը, որ այնքան մարդկանց անհանգստացնում կամ հուսահատեցնում է սիրո մեջ կամ մենության պահին՝ ինձ բերում էր, առանց ստրկացնելու, հավասար հաճույքներ։ Ես ստեղծվել էի մի մարմին ունենալու համար։ Այստեղից էլ այդ ներդաշնակությունը իմ մեջ, և թույլ իշխանությունը, որ մարդիկ զգում էին և երբեմն էլ խոստովանում, որ այն իրենց օգնում է ապրել։ Հետևաբար փնտրում էին իմ ընկերությունը։ Հաճախ նրանց թվում էր, որ ինձ արդեն հանդիպել էին։ Կյանքը, մարդիկ և նվերները ինձ ընդառաջ էին գալիս։ Ես այդ պատվերները ընդունում էի մեծահոգի հպարտությամբ։ Իրականում, այդքան լիքը և պարզ մարդ լինելով, ես ինձ մի քիչ գերմարդ էի զգում։
    Ես ինձ ընտրված, նախասահմանված մարդ էի համարում։ Բոլորի միջից հատկապես ընտրված այս երկար և հարատև հաջողության համար։ Դա նույնպես իմ համեստության արդյունքն էր։ Այս բոլոր հաջողությունները ես մերժում էի վերագրել միայն իմ հատկություններին, ես չէի կարող հավատալ, որ մի մարդու մեջ այդքան տարբեր և ծայրահեղ հատկությունների միասնությունը արդյունք լիներ պարզ պատահականության։ Ահա թե ինչու, երջանիկ ապրելով հանդերձ, ես հավատում էի, որ այդ երջանկությունը ինձ տրվում էր մի գերագույն ուժի հրամանով։ Երբ ձեզ ասում եմ՝ ոչ մի կրոնի չէի հավատում, դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչ տարօրինակ բան կար այս խոստովանության մեջ։ Սովորական կամ ոչ՝ այն ինձ երկար ժամանակ ամենօրյա ընթացքից դուրս է հանել, և ես տարիներ ամբողջ տառացիորեն գեղեցիկ ծրագրեր եմ կազմել և որոնց համար, ճիշտն ասած, մինչև այժմ սրտանց ափսոսում եմ։ Ամեն ինչում ես հանգիստ էի զգում, ճիշտ է, բայց նույն ժամանակ ոչ մի բանից չէի բավարարվում։ Յուրաքանչյուր հաճույք ինձ մղում էր դեպի մի ուրիշը։ Ես մի տոնակատարությունից մի ուրիշին էի գնում։ Պատահում էր, որ ամբողջ գիշերները պարում էի և մարդկանց ու կյանքի նկատմամբ ավելի կրքոտ դառնում։ Երբեմն, ուշ գիշերին, երբ պարը, թեթև հարբածությունը, իմ շղթայազերծումը, ներկաների բուռն ինքնամոռացումը ինձ գցում էր մի հափշտակության մեջ, երբ հոգնած ու մինչև ափը լցված էի զգում, հոգնության գագաթնակետին, ակնթարթի ընթացքում ինձ թվում էր, որ ի վերջո կհասկանամ էակների ու աշխարհի գաղտնիքը։ Բայց հաջորդ օրը հոգնությունս անհետանում էր, և նրա հետ էլ գաղտնիքը, ես նորից էի խոյանում նրա հետևից։ Այսպես ես վազում էի, միշտ լեցուն, երբեք բավարարված, առանց իմանալու՝ որտեղ պետք է կանգ առնել, մինչև այն օրը, ավելի շուտ մինչև այն երեկոն, երբ նվագը դադարեց, լույսերը մարեցին։ Այն տոնակատարությունը, ուր ես երջանիկ էի…