Рубрика: Հայրենագիտություն

Բագրատունիներ

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:

Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք/այժմ Անին գտնվում է պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում-Թուրքիա/:

Ashot Erkat

Աշոտ 1-ին Բագրատունին  դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։ Աշոտ 1-ին Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։ Բագրատունիների թագավոր լինելու ժամանակ, Հայաստանի գլխավոր թշնամին արաբներն էին:
Բագրատունիների հզորագույն թագավորներից է եղել Աշոտ Բ-ն, կամ Աշոտ Երկաթը/այսպես էին անվանել ամուր բնավորության, հզոր կամքի պատճառով/: Հայաստանը լիակատար անկախության հասավ։  Աշոտ 2-րդը ճանաչվեց շահնշահ` արքայից արքա։ Աշոտ Երկաթի թագավորության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել հայ նշանավոր գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» հայտնի պատմավեպի համար:

Рубрика: Հայրենագիտություն

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,  Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։  Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում:  Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:

Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ»«Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի  հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների  ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

8-Հայաստանն-ըստ-ՙԱշխարհացոյց՚-ի

Տիգրան Մեծը  օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:

Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:

Рубрика: Հայրենագիտություն

Ծաղկազարդ.Ծառզարդար

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբ նշանակող  եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում էր Զատկից(Սուրբ Հարության տոնից) մեկ շաբաթ առաջ: Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ`օրհնվում են աշխարհի չորս կողմերը/ինչպես կրթահամալիրի հիմն է/, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են  ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդի օրը։ Դրանք ունեին  բարիքի, առատության, պտղաբերության։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը ընտանի կենդանիների մոտ, դրանք դրվել են խնոցում(որտեղ կարագ ու մածուն են մերում), մսուրում, հավանոցում և այլն։
Ասում են, որ մինչև քրիստոնեության ընդունումը, տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին(Այստեղ հիշենք որ հայերը եղել են հեթանոս, ունեցել բազում աստվածներ)։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի(անձրևների բացակայություն, հողը և բուսականությունը չորանում է) ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ այլն:/դիտեք այս հոլովակը/: Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության  խորհրդանիշ։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Դրա նպատակը անմահությունն է։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ճյուղերով: Տոնի ընթացքում ընդունված են նաև մի շարք ավանդույթներ: Նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում՝ ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։Քահանան օրհնում է ուռենու ճյուղերը :Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների՝ կարկաչաների ձայնը։/ տես այստեղ/: Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։

Այս տարի եկեղեցին այն կտոնի ապրիլի 5-ին:


Խաղեր

Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ:

Պարեր

Ծաղկազարդին պարել են Վերվերի պարը։ Այդ օրը պարել կարող էին միայն տղամարդիկ:

Երգեր`ԿարկաչաԾառ ծաղկեցավ:

Տոնին ընդառաջ աղջիկները դաշտ կամ սար էին գնում՝ կանաչի հավաքելու։  Այս շրջանում արդեն սարերում զանազան կանաչիներ էին աճած լինում: Տոնին անպայման ուտում էին նոր դուրս եկած կանաչեղեն։ Հում կանաչեղենից օգտագործում էին հիմնականում դաղձը։ Երբեմն եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և իբրև մատաղ-հյուրասիրություն բաժանում ժողովրդին։ Ծաղկազարդին եփել են նաև եղինջ:

Рубрика: Հայրենագիտություն

Զատկի ծես

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Կատարվում է գարնանային գիշերահավասարից հետո եկող առաջին կիրակին:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից/գործողություն/ է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել ու բաժանել:

Զատիկը հեթանոսական տոն

Ըստ ենթադրությունների, սկզբնական շրջանում Հայաստանում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից տարբերելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը: Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.

-Շվոտը դուրս, մարտը` ներս: Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ): Հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վարուցանքը, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռքներին երգում-պարում են ու ձվախաղ անում: Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ միացնում իր շողերը,  երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատ աշխարհի գույների թարմությունը, իսկ Անահիտ աստվածուհին դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)

Զատիկը` քրիստոնեական տոն

Ս. Հարության տոնին նախորդ օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ:  Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է  Հիսուսի արյունը՝ խաչվելուց: Ձուն կարմիր ներկելու մասին `«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: :Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում: Զատիկի խոհանոց՝
Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի:
Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է` խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:

Рубрика: Հայրենագիտություն

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

Рубрика: Հայրենագիտություն

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Աղբյուր՝ Նունե Մովսիսյանի բլոգ

Рубрика: Հայրենագիտություն

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները:

Նրանք իրենց համար շատ կարևոր նպատակ էին դրել՝ այնպես անել, որ հայերին կատարյալ ազգ տեսնեն: Նրանք գտնում էին, որ այս գործում շատ կարևոր է միջամտությունը: Օրերից մի օր հավաքվեցին հայոց աշխարհի աստվածները: Նրանք բոլորը եկել էին գերագույն աստծու՝ Արամազդի երկնային պալատը՝ խելք-խելքի տալու և ելքը գտնելու: Նրանք որոշեցին՝… մի-մի պտղունց ներարկել բոլոր նորածիններին: Աստվածահայր Արամազդը պարգևեց մարդկանց արարչագործություն, սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը՝ սեր և թովչանք, դպրության աստված Տիրը՝ ուսումնատենչություն, ռազմի աստված Վահագնը՝ քաջություն, հյուրասիրության աստված Վանատուրը՝ հյուրընկալություն, ողջախոհության աստված Նանեն՝ իմաստասիրություն: Այս որոշմանը միայն չէր մասնակցել սնուցող մայր Անահիտը. այդ ժամանակ նա ճանապարհորդում էր երկնային հեռաստաններում: Բայց նա էլ անմասն չմնաց. բոլորին պարգևեց աշխատասիրությոսն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց: Դրա համար էլ հայերը շատ աշխատասեր են:

Рубрика: Հայրենագիտություն

Դիցաբանություն. 

Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին , մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ»: Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն խնդրում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։/նշել թե քրիստոնեության մեջ սուրբ երրորդությունը ո՞րն  է/: Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

Նա ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին խնդրում։ Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ Երևանում կա արձան, նվիրված Վահագնին, այն գտնվում է Իսակովի փողոցի վրա, դեպի ՀԱԹ եկող ճանապարհին: Քանդակում պատկերված է Վահագնը՝ վիշապի հետ մենամարտելիս:

ԱՍՏՂԻԿ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը կամենում է բոլոր երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Եղբայրները չեն ենթարկվում ավագ եղրոր՝ Զրվանին պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը խլում է Զրվանի երկրների մի մասը։  Նրանց քույր Աստղիկը, փորձում է հաշտեցնել, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Համաձայնում են, որ առայժմ իշխի իրենց ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրա բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի  զավակները չկառավարեն: Համաձայնում են, դաշինք/պայման/ կնքում։ Եվ երբ Զրվանի նորածին արու/տղա/ զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խիղճը տանջում  է, և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի հսկիչ զինվորների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, պատերազմի աստվածուհի։ Նանեն սերտ կապ ուներ Անահիտ աստածուհու հետ: Նրանց տաճարները անգամ իրար մոտ էին կառուցված: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին է նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը։Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովից ծնված Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, մարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո  քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը/ հեթանոսության ժամանակ քահայի փոխարեն/ գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև  երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները։

աղբյուր՝ http://armenianhouse.org/harutyunyan/04-gods.html

Рубрика: Հայրենագիտություն

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
Рубрика: Հայրենագիտություն

Լեգենդ եղևնու մասին

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմում ծնվեց Հիսուսը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին, հովիվները  շտապում էին` խոնարհվելու մանուկ Հիսուսին: Ոչ միայն մարդիկ, այլև շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին:

Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները՝ ցանկանալով տեսնել: Բոլորից երջանիկ էին նախիրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին:  Նրանք էլ որոշեցին գնալ ու խոնարհվել մանկանը, ամենքը իրենց նվերները մատուցեն: Եղևնին էլ շատ ցանկացավ տեսնել փոքրիկ Հիսուսին, բայց, արմավենին և ձիթենին ծաղրեցին նրան, ասելով, որ նա բացի փշերից, ուրիշ ոչինչ չի կարող նվիրել Մանուկին:

Արմավենին Հիսուսին նվիրեց իր ճյուղերից, որպեսզի նա հովանա շոգ ժամանակ, ձիթենին էլ կաթեցրեց իր յուղերից մանկան վրա և անուշահոտություն տարածեց: Եղևնին տխրեց, բայց չչարացավ: «Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա: Այս ամենը տեսած հրեշտակը, և հնարավորություն տվեց եղևնուն, իր բարության ու համեստության համար: Նա հրաման տվեց, և երկնքից աստղեր թափվեցին՝ զարդարելով եղևնուն: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, նրա ուշադրությունը գրավեց փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ: Հրեշտակը, դա տեսավ ու ասաց.

— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մեծերը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սուրբ Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը: